Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավա Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը հուշագիր կստորագրեն խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգության» վարչության այսօրվա նիստում միաձայն հաստատվել է այս ձեւաչափով ընտրություններին մասնակցելու մոտեցումը:
Նշենք, որ նախորդ նիստի ավարտից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ համաձայնություն ունեն դաշինքով մասնակցելու, սակայն դեռ հստակ չէ` ում են միանալու: Զարուհի Փոստանջյանը դեմ է այդ դաշինքներին եւ արդեն հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցելու:
Հիշեցնենք, որ Օսկանյան-Օհանյան դաշինքն արդեն լքել են ԱԻՄ-ը եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Որոշ լուրերի համաձայն, լքելու է նաեւ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Ամենայն հավանականությամբ, նա սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանին:



























