Իսպանիայի Սիլս քաղաքում ընդհատակյա արհեստանոց է հայտնաբերվել, որտեղ կեղծված Ferrari եւ Lamborghini ավտոմեքենաներ են հավաքել, հայտնում է RFI ֆրանսիական միջազգային ռադիոն՝ վկայակոչելով Իսպանիայի ոստիկանությանը: 

Արհեստանոց են բերվել միջին գնի ավտոմեքենաներ, որոնք այնուհետեւ ձեւափոխվել են բարձրարժեք կեղծված սպորտային ավտոմեքենաների: Ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունները տեղադրվել են համացանցում՝ օգտագործած մեքենաների իրացման կայքերում:

Ոստիկանական գործողության ժամանակ կալանավորվել է Իսպանիայի 3 քաղաքացի: Հայտնաբերվել է 14 ավտոմեքենա, որոնք կերպարանափոխման տարբեր փուլերում էին: Դրանցից 4-ը կեղծված Ferrari էին եւ պատրաստ էին վաճառելուն:

Հայտնաբերվել են նաեւ տարբեր պահեստամասեր, որոնք այս կամ այն հեղինակավոր մակնիշի են պատկանել, այդ թվում՝ անվասկավառակներ, կիլոմետրաչափեր, նաեւ ավտոմեքենաների փաստաթղթեր:

Հետաքննություն սկսելու առիթը կեղծված Ferrari-ն էր, որն ավելի վաղ ոստիկանները հայտաբերել էին Բենիդորմ քաղաքում: