Աֆղանստանի նախագահ Ահմադ Հանին հորդորել է «Թալիբան» շարժմանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ հնարավորինս շուտ միանալ երկրում խաղաղ գործընթացին։ Այս մասին նա հայտարարել է Աֆղանստանից խորհրդային բանակի դուրսբերման 28-րդ տարելիցին նվիրված ելույթում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Հանին նշել է, որ աֆղանցացիները պետք է վերադառնան հայրենիք, «Թալիբանի» արտերկիր մեկնած առաջնորդները պետք է դադարեցնեն զինված պայքարը արժանապատիվ կյանք վարեն սեփական երկրում։ Նա նշել է, որ անցած տարի կառավարությունը եւ Իսլամական կուսակցությունը խաղաղության համաձայնագիր են կնքել, ինչը կարող է օրինակ ծառայել բոլոր հակակառավարական ուժերի համար։

Նա նաեւ շեշտել է, որ ժամանակին իսլամիստական ուժերը միավորվել են ընդդեմ խորհրդային բանակի, եւ աշխարհը դա երբեք չի մոռանա, սակայն այժմ աֆղանացիների կարեւոր առաքելությունը երկրի վերականգնում ու զարգացումն է։