Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պահանջել է իրեն զեկույց ներկայացնել նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում կիբերանվտանգության միջոցառումների մասին, հայտնել է RFI–ն։
Պահանջելով ձեռնարկել «կիբերհարձակումներից պաշտպանության հատուկ միջոցառումներ» Ելիսեյան պալատը չի հրապարակել մանրամասները, թե հատկապես ինչպիսի վտանգ է ակնկալում ու որ երկրից։ Բայցեւայնպես հասկանալի է դառնում, որ խոսքը Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի մասին է։
Զեկույցը պետք է ներկայացվի փետրվարի 24-ին։ Ըստ կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլի՝ խոսքը դեռ իրավիճակը գնահատելու մասին է։
Ստեֆան Լե Ֆոլը խուսափել է ուղղակի պատասխաններ տալ Ռուսաստանին վերաբերող հարցերին, միայն նշել է, որ «ընտրությունների նախօրեին հաքերների հարձակումները շատացել են»։
Նա նաեւ նշել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը խորհուրդներ են ստացել այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանվել հաքերների հարձակումներից։ Բացառություն է կազմում միայն Ազգային ճակատը, որը, ըստ կառավարության ներկայացուցչի, «չի ցանկացել ստանալ այդ խորհուրդները»։




























