Բեռլինում փետրվարի 15-ին անցկացվել է Գերմանահայկական տնտեսական ֆորումը։ Բեռլինում Հայաստանի դեսպանատան հետ միասին այն կազմերպել էին Գերմանիայի մի քանի ձեռներեցության միավորումներ, այդ թվում Գերմանական տնտեսության արեւելյան հանձնաժողովը։ Համաժողովի մասնակիցները քննարկել են երկկողմանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմնականում երեք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի ու ճանապարհաշինության, նաեւ էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման ու էներգետիկայի ոլորտներում, գրում է DW–ը։
Հենց այդ երեք ոլորտներն են գերմանական արտաքին տնտեսական փորձագետները համարում առավել հեռանկարային Գերմանիայից պոտենցիալ ներդրումների համար։ Germany Trade & Invest (GTAI) խորհրդատվական ֆիրման, օրինակ, կարեւորում է երկարաժամկետ՝ մինչեւ 2036 թ հաշվարկված Հայաստանի ռազմավարության մասին՝ էլեկտրաէներգիայի արտադրման կրկնապատկման նպատակով (այսօրվա տարեկան 8-ից մլրդ կիլովատ/ ժ-ից մինչեւ 16․5 մլրդ)։
Գերմանական ֆիրմաները կարող էին նաեւ մասնակցել Հայաստանի հյուսիս- հարավ ավտոմայրուղու հերթական հատվածի շինարարության գալիք տենդերին։ ՏՏ ոլորտում անսպասելի նախաձեռնությամբ հանդես եկավ bitkom –ի՝ գերմանական համակարգչային ֆիրմաների միավորման ներկայացուցիչը։
Նման ձեռնարկությունները, նրա խոսքով, որակյալ կադրերի սուր կարիք են զգում, թափուր աշխատատեղերի քանակը անցնում է 50 հազարից, այնպես որ bitkom –ը շատ շահագրգռված է ցանկացած երկրից՝ այդ թվում հայ ծրագրավորողներին Գերմանիա հրավիրելուն, որոնց տաղանդների մասին այստեղ լավատեղյակ են։ Ընդ որում գերմաներենի իմացությունը ամենեւին էլ պարտադիր չէ, այդ ոլորտում աշխատանքային լեզուն անգլերենն է։
Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովը դրական է գնահատում վերջին տարիներին Հայաստանի տնտեսվարության զարգացումը։ Հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն ուշադրություն դարձրեց մի հանգամանքի վրա, որ Համաշխարհային բանկի doing business գործակցում Հայաստանը վերջին 5 տարիներին 20 կետով բարելավել է իր դիրքերը՝ հասնելով 190 հնարավոր տեղերից 38-րդ հորիզոնականին։
Նա գոհ էր նաեւ երկկողմանի առեւտրատնտեսական հարաբերությունների վիճակից՝ Գերմանիայից արտահանումը 2015-ին աճել է 18 տոկոսով, Հայաստանից ներմուծումը՝ 30 տոկոսով։ 2016-ին նվազումը աննշան է եղել, ավելի քիչ, քան Արեւելյան Եվրոպայի որոշ այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի հետ առեւտրում։
Բնականաբար խնդիրներ էլ կան՝ փորձագետները հայկական տնտեսության թերություններից են համարում օլիգարխական կառույցները, տնտեսության որոշ մոնոպոլիզացված ոլորտներ, անկախ արդարադատության բացակայությունը, մաքսային ու հարկային գերատեսչությունների ոչ թափանցիկ աշխատանքը , նաեւ ծաղկող կոռուպցիան։ Նրանք պոտենցիալ ռիսկեր են տեսնում նաեւ Հայաստանի ու հարեւան երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լարված հարաբերություններում։
Բայց թեկուզ հեռավոր, բայց տեսանելի ապագայում այդ խնդիրների հաղթահարումը Հայաստանը դուրս չի բերի ասենք Գերմանիայի տասը կարեւորագույն առեւտրային գործընկերների շարք։Հիմա այն գերմանական ներմուծման կառուցվածքում զբաղեցնում է 97-րդ տեղը, իսկ Գերմանիայից ապրանքներ գնող 231 երկրներից Հայաստանը 131-րդն է։ Փոքր Հայաստանի հանդեպ գերմանական գործարար շրջանակների հետաքրքրությունը բացատրվում է ոչ թե դրա ներքին շուկայի հեռանկարներով այլ ուրիշ պատճառներով։
ՈՒկրաինային ԵՄ-ն ժամանակին ընտրության առջեւ դրեց ՝ կամ ԵՄ-ի հետ ասոցացում, կամ էլ Ռուսաստանի հետ Մաքսային միություն։ Հայաստանի դեպքում Բրյուսելը, ըստ ամենայնի, որոշել է չկրկնել այդ սխալը։ Այսպես է կարծում նաեւ Վոլֆգանգ Բրյուխելեն։ Նա չի համարում, որ Հայաստանը ընտրություն է կատարել հօգուտ ԵՏՄ-ի, զոհաբերելով ԵՄ- ի հետ ասոցացումը, ու որ մեկը մյուսին հակասում է ։ «ՈՐպես առաջին քայլ Հայաստանը ստացել է մուտք ԵՏՄ շուկա»,- ասել է նա DW–ին տված հարցազրույցում, իսկ նրա երկրորդ քայլը կարող է լինել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը»։
Այս հարցով Երեւանի ու Բրյուսելի միջեւ բանակցությունները, ի դեպ, արդեն ընթացքի մեջ են։ Ու եթե դրանք հաջող ավարտվեն՝ ապա Հայաստանը, Բյուխելեի խոսքով, կարող է յուրատեսակ կամուրջ դառնալ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ։ «Մենք Արեւելյան հանձնաժողովում համարում ենք, որ հեռանկարում երկու միություններն էլ պետք է մերձենան» ,- ասել է Բրյուխելեն։ Ու հավելել, որ Հայաստանը կարող է ոչ միայն կամուրջ դառնալ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ, այլ յուրատեսակ լաբորատորիա՝ երկու միությունների փոխգործակցության մեխանիզմները դաշտային պայմաններում ստուգելու համար։


























