Թրամփը առաջարկել է փոխծովակալ Ռոբերտ Հարվարդին զբաղեցնել ազգային անվանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական էր ներկայացրել՝ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանի  հետ շփումների պատճառով։

Փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը ԱՄՆ–ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատարի տեղակալն է եղել 2011-13 թվականներին։ Նա նաեւ ծառայել է Կենտրոնական հրամանատարությունում Պենտագոնի ներկայիս ղեկավար Ջիմ Մեթիսի հետ եւ վերջինիս հետ մինչեւ հիմա բարեկամական հարաբերություններ է պահպանում։ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման օրոք Հարվարդը որոշ ժամանակ զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ռազմավարության հարցերով տնօրենի պաշտոնը։