Այս անգամ լավ առիթով ենք Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ)։ հանդիպմանը մասնակցել է նաեւ Յարոմիր Շտետինան (Չեխիա) :
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլեւ հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարեւոր քայլ է կատարում:
«ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Ֆրանկ էնգելը եւս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար եւ ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն:
Այնուհետեւ Եվրախորհրդարանի պատգամավորները ԱԺ նախագահին են առաջադրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, նախագծում առաջարկվող կառավարման մոդելի եւ սահմանադրության նախագծի այլ դրույթներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար:



























