Ջավախքի Ախալքալաք քաղաքում այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Ախալքալաքի կենտրոնական հրապարակում: Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ  պահանջել են ազատ արձակել Լապշինին՝ իրենց հետ տանելով «Ազատություն Լապշինին» գրությամբ ցուցապաստառներ:

Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։ Փաստորեն, փաստաբանն իր պաշտպանյալին ընդամենը մեկ անգամ է այցելել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:

Լուսանկարները՝ jnews.ge-ի: