«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը փետրվարի 10-ից սկսած հացադուլը շարունակում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ Արմեն Մկրտումյանը բժիշկների հսկողության տակ է, նրա վիճակը բավարար է: Արմեն Մկրտումյանը հացադուլով պահանջում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ազատամարտիկը, սակայն, պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, իսկ հացադուլի հետեւանքով իր առողջական վիճակն ավելի է վատացել, բացի այդ, բժիշկները չեն այցելում նրան:

Արմեն Մկրտումյանի խոսքով՝ ճաղերի հետեւում է  հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամնեը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ,  ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում: