ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը եւ Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը եւ Լեւան Դավիթաշվիլին:

Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաեւ, տեղեկատվության եւ փորձի փոխանակման բնագավառներում:

Երկուստեք կարեւորվել են սննդամթերքի, բուսասանիտարական եւ անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու եւ այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները:

Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով: