Ոչ ոք Հայաստան չի գալիս TV-մուլտիպլեկսորի մրցույթի՝ շուկան շատ փոքր է: Այս մասին փետրվարի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Տրանսպորտի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը:   

Նրա խոսքով՝  անցյալ տարի մրցույթ է հայտարարվել, բայց մասնակցության հայտեր չեն եղել: Այդուհանդերձ, Տրանսպորտի նախարարությունը ցանկանում է այս տարի նորը հայտարարել, որպեսզի հեռուստաալիքները եւ ռադիոկայանները կարողանան ընտրել, թե ում միջոցով կատարեն հեռարձակումը: «Երեւանում հեռուստաալիքների համար միայն 2 հաճախականություն է մնացել: Կրճատվում է գործող ալիքների լսարանը, իսկ դրա հետ՝ նաեւ գովազդը. ամեն ինչ համացանց է գնում: Մարզային հեռուստաալիքների վիճակն ավելի ծանր է: Իհարկե, պետք է պահպանել շուկայի սկզբունքները եւ մրցակցությունը: Բայց մենք մեր հեռուստատեսությունն ու ռադիոն չպետք է կորցնենք: Նրանք մեր երկրի տեղեկատվական դաշտի կրողն են, նրանք մեր տեսակետը ներկայացնում են արտասահմանում: Հետեւաբար մենք պետք է դրանք պահպանելու եղանակ գտնենք»,- նշեց Ամալյանը: