Համացանցային գովազդը վնաս է հասցնում մեր լրատվամիջոցներին, եւ հարկավոր է մտածել, թե ինչպես նրանց պահպանենք: Այս մասին փետրվարի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տեղային գովազդը, որն արդեն երկար ժամանակ ներկայացված է Facebook-ում, Youtube-ում կամ այլ կայքերում, հեռուստատեսության հետ մրցակցության մեջ շատ է շահում: Այն, նախ, ավելի էժան է, քան TV-ում, երկրորդ՝ ավելի հասցեական է: Օգտատիրոջը գովազդ է ներկայացվում՝ ըստ նրա հաճախումների պատմության, եւ այն էկրանին են պահում մի քանի վայրկյան: Հեռուստատեսության դեպքում այդ ժամանակ ալիքն են փոխում, իսկ կայքում ուշադիր հետեւում են, թե երբ կկարողանան գովազդը բաց թողնել: «Այդ գովազդը գնում է հեռուստատեսությունից, ռադիոյից, մամուլից: Ըստ որում՝ գնում է ոչ հայկական հաշիվներին: Առանց գովազդի փողերի՝ նրանք փակման սպառնալիքի առջեւ կհայտնվեն: Որոշ հեռուստաալիքներ դա հասկանում են եւ փորձում են համացանցի գովազդի մի մասը տանել՝ որքան հեռու, այնքան շատ: Բայց եթե լինել, թե չլինել հարցը դրվի, մենք պետք է ինչ-որ որոշում ընդունենք»,- նշեց Հակոբյանը: