Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպելու հարցմանը ադրբեջանական կողմի պատասխանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Այդ մասին դիմում է եղել: Սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով՝ առայժմ ոչինչ հայտնի չէ բլոգերի գործով դատաքննության մեկնարկի ժամկետի մասին:

Չերնինը նաեւ մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: «Դա դեռեւս հարցականի տակ է»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: