Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան մտադիր է դիմել ադրբեջանցի գործընկեր Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով ստուգել Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պահմանները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Լրագրողները հատուկ մասնագիտական հանրություն են, որոնք աշխատում են ռիսկային գոտիներում եւ հատուկ ուշադրություն եւ հարգանք են պահանջում: Մեր լրագրողի (Լապշինի - խմբ.) դեպքում, որը Բելառուսի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել, ես հանդես եմ եկել հայտարարությամբ: Ցավում եմ, որ Ադրբեջանից մեր գործընկերները չլսեցին: Դիմելու եմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա այցելի մեր քաղաքացուն եւ համոզվի, որ նա բուժօգնության կարիք չունի եւ չի դժգոհում պահման պայմաններից»,- ասել է Մոսկալկովան:
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:




























