Չինական NextEV ընկերության ավտոմեքենաների արտադրության Nio ստորաբաժանումը ներկայացրել է իր երկրորդ մոդելի նախատիպը: Ըստ Motor-ի՝ կոմպակտ հեչբեքը Eve անունն է ստացել, եւ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ապրանքանիշի ինքնակառավարվող մեքենան:

Nio Eve-ն ապակե տանիքով, բազկաթոռով, ծալվող մահճակալով, NOMI արհեստական ինտելեկտով ինքնակառավարվող էլեկտրական մեքենա է, որն ունակ է ուսումնասիրել եւ հիշել վարորդի սովորույթները՝ համապատասխան երթուղի մշակելով: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ կառավարել մեքենան:

Ընկերությունում վստահեցնում են, որ սերիական տարբերակը կարող է 965 կմ ճանապարհ անցնել, իսկ հատուկ կայանում 10 րոպե անլար լիցքավորումը բավարար կլինի, որպեսզի մեքենան եւս 320 կմ անցնի:

Ընկերությունը մտադիր է մեքենայի սերիական արտադրություն սկսել մինչեւ 2020 թվականը: Առաջին նման մեքենաները կհայտնվեն ԱՄՆ-ի մայրուղիներում: