Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ հրաշալի է անցել: Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանն ու Ֆրանսիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Դիվանագիտական կապերի հաստատումից հետո երկու երկրների միջեւ բավական ակտիվ, հագեցած երկխոսություն է ծավալվում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ այցի շրջանակում 3 փաստաթուղթ է ստորագրվել, որոնցից 2-ը վերաբերում են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը:
«Միաժամանակ, ուզում եմ նշել, եւ կողմերը դա ափսոսանքով են արձանագրում, չնայած սերտ եւ վստահելի հարաբերություններին, առեւտրատնտեսական կապերն առայժմ զիջում են քաղաքականին, եւ կողմերը մտադիր են զարգացնել դրանք՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին»,- նշեց դեսպանը:
Նրա խոսքով՝ այդ պատճառով տրամաբանական է, որ պատվիրակության կազմում ընդգրկված էր Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը, իսկ նախագահը հանդիպել է գործարարների հետ:




























