Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Արաբկիրի թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը, նմանություններ է տեսնում Դոնալդ Թրամփի ու իրենց դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանի միջև:
«Մենք տեսանք, չէ, որ Դոնալդ Թրամփն էլ, լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, իր ողջ գիտակցական կյանքն ապրելով որպես բիզնես աշխարհի ներկայացուցիչ, ինքը մտավ քաղաքականություն ու փորձեց իր երկրի համար ինչ-որ բաներ անել: Նոր մոդել բերեց երկրին: Կարծրատիպ կոտրվեց: Ես ուզում եմ, որ գրագետ հայերը աշխարհայացքը լայնացնեն, տեսնեն՝ ուրիշ երկրներում ինչ է կատարվում», -ասաց «Ծառուկյան դաշինքից» առաջադրված թեկնածուն։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ երկու տարի առաջ քաղաքականությունից հեռանալուն, ապա քաղաքականության ««փակված էջը բացելուն», Զոհրաբ Զոհրաբյանը նշեց, որ բոլոր տեղերում էլ նման բաներ լինում են:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը մի քանի տարի բացակայել է երկրից, Զոհրաբյանն ասաց, որ երկար դեգերելով եւ տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում, որոշել է վերադառնալ եւ մասնակցել ընտրություններին:
Նա նշեց, որ հանդիպելով ընտրողների հետ, տպավորություն է ստացել, որ մարդիկ շատ հիասթափված են եւ վատ են տրամադրված ընտրությունների հանդեպ:



























