Հայաստանի նախագահը մտածված ծրագիր չունի իր քաղաքական ապագայի մասին։ Եթե ՀՀԿ-ն ձայների մեծամասնություն ստանա խորհրդարանական ընտրություններում, գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա իր պաշտոնում։ Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE  գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես արդեն վաղուց եմ աշխատում պետական կառույցներում ու զբաղեցրել եմ բարձր պաշտոններ։ Իմ քաղաքական կարիերան ես սկսել եմ 1993-ին, որպես պաշտպանության նախարար ու ես երբեք չեմ մտածել այն մասին, թե որն է լինելու իմ հաջորդ պաշտոնը։ Եվ այսօր էլ ես նույն իրավիճակում եմ։ Ամեն ինչ կոնկրետ իրավիճակից է կախված։ Անկեղծ ասած՝ ես չունեմ մտածված ծրագիր։ Իմ գլխավոր նպատակն այն է, որ ապրիլին անցկացնենք առաջին խորհրդարանական ընտրությունները»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ նոր խորհրդարանը տարբերվելու է բոլոր նախորդներից կառավարման համակարգի նոր մոդելով։ Առայսօր Հայաստանում եղել է կառավարման կիսանախագահական ձեւ։

«Իհարկե լավ կլիներ, եթե այս ընտրություններին իմ կուսակցությունը կարողանար ստանալ ձայների մեծամասնությունը։ Այդ դեպքում ուզում եմ ձեզ վստահեցնել, ներկա վարչապետը կմնա իր պաշտոնում։ Ու եթե նրա ղեկավարած կառավարությունը շարունակի բարեփոխումների գործընթացը, ես խնդիր չեմ տեսնում, որ նա մնա այդ պաշտոնում։ Ես հսկայական կուսակցության առաջնորդ եմ, ու կարծում եմ, որ միշտ իմ տեղը կգտնեմ՝ իմ փորձին ու գործադրված ջանքերին համապատասխան։ Ես եղել եմ Հայաստանի վարչապետը ու գիտեմ, թե ինչ բարդ է այդ պաշտոնը; Մարդիկ, որոնք երազում են այդ պաշտոնի մասին, չեն պատկերացնում այդ աշխատանքի դժվարությունները»,- նշել է նախագահը։