ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին, այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարեւորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման եւ գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը:

Հանրապետության նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից եւ պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ՝ այդ նշանակալի հոբելյանի առթիվ մաղթել նրան առողջություն եւ ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով: