Կանադացի ու ամերիկացի գեոֆիզիկոսները հայտնաբերել են լիթոսֆերայի ամենահին հատվածը։

Երկրաբանները Կանադայի հյուսիս- արեւմուտքում գտել են այնպիսի ապարներ, որոնք պարունակում են Երկրի սկզբնական կեղեւի հետքեր, որը գոյացել է ավելի քան չորս մլրդ տարի առաջ, հայտնում է Informing –ը։

Գիտնական Ռիչարդ Կառլսոնի խոսքով առաջնային երկրակեղեւի մնացորդների հայտնաբերումը հեշտ խնդիր չի եղել։ Նոր մեթոդաբանության շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել դրա հետքերը ապարների այն շերտերում, որոնք երկրաբանական ակտիվության զանազան ձեւերի արդյունքում Երկրի ամենահին կեղեւն են դարձել։

 Հողի նմուշները, որոնք հավաքել են գիտնականները, պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնց տարիքը գնահատվում է 4․2 մլրդ տարի։ Այսինքն դրանք ձեւավորվել են մեր մոլորակի ծնվելուց ընդամենը 200 մլն տարի հետո։ Հիմա մասնագետները հույս ունեն ստացված նյութերի օգնությամբ նոր մանրամասներ պարզել Երկրի պատմության մասին։