Բաթումիում մարտի 12-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների գործով եւս ութ մարդ է ձերբակալվել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Նրանց ձերբակալել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանների կամ պետական օբյեկտների վրա հարձակվելու կասկածանքով։ Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի՝ ձերբակալվածներին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում։ Պաշտոնական մեղադրանք նրանց դեռ չի առաջադրվել։ Հիմա նրանք գտնվում են քննչական մեկուսարանում։
Նախօրեին Բաթումիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կես տարվա բանտարկությունն է ընտրել անկարգությունների գործով վեց կալանավորվածների համար։ Եւս մեկ ձերբակալվածի ազատ կարձակեն 3 հազար լարի գրավի դիմաց։ Նրանց բոլորին նույնպես մինչեւ 11 տարի ազատազրկում է սպառնում։
ԲԱթումիի անկարգությունների գործով ընդհանուր մոտ 100 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեծ մասը տուգանվել է, կամ բանավոր դիտողություն ստացել։
Հիշեցնենք, որ Բաթումիում մարտի 11-ի երեկոյան սկսված անկարգությունները շարունակվել էին մինչեւ հաջորդ առավոտ։ Ինքնաբուխ հանրահավաքի մոտ 1000 մասնակիցներ պահանջում էին ազատ արձակել վեց քաղաքացիների, որոնց ձեբակալել էր ոստիկանությունը։ Չնայած իշխանությունները խոստացել էին կատարել այդ պահանջը, ցուցարարները քարեր են նետել այն շենքի վրա, որտեղ հատուկ ջոկատայիններն էին գտնվում ու ոստիկանական ու մասնավոր մեքենաների վրա։
Այրվել էր 7 մեքենա, այդ թվում երկու մասնավոր, քանդվել էր ճանապարհային ենթակառուցվածքը։ Հասցված վնասը գնահատվել էր 60 հազար դոլար։




























