ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերջին երկու շաբաթվա ընթացքում անձամբ մասնակցում է Իրանի հետ անուղղակի բանակցություններին, որոնք ուղղված են հրադադարի մասին նոր համաձայնագրի ձեռքբերմանը և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։
Պարբերականի տվյալներով՝ Վենսը գրեթե ամեն օր շփվում է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի, Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և այլ միջնորդների հետ։ Բանակցություններին մասնակցում են նաև Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։
Կողմերը քննարկել են առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում անցկացնելու հնարավորությունը, սակայն այն դեռ չի կայացել։ Միջնորդական ջանքերում ներգրավված աղբյուրները որոշակի առաջընթաց են արձանագրում, սակայն ընդգծում են, որ բանակցությունները դանդաղ են առաջ ընթանում։
Երկու շաբաթ առաջ Վենսը նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով վերսկսել ուղիղ բանակցությունները։ Axios-ի տվյալներով՝ իրանցի պաշտոնյաներն այդ դիմումը գնահատել են որպես երկխոսության վերականգնման խթան։
Վենսն ավելի վաղ դեմ էր արտահայտվում Իրանի հետ պատերազմ սկսելուն՝ նախապատվությունը տալով դիվանագիտական կարգավորմանը։ Այժմ նա, Axios-ի գնահատմամբ, ձգտում է հասնել հակամարտությունից ԱՄՆ-ի դուրս գալուն։ Ինչպես հայտարարել է ինքը՝ փոխնախագահը, այդ հակամարտությունը դարձել է միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության գլխավոր պատճառներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ է հնարավորություն տալ, որ դիվանագիտական ջանքերն արդյունք տան։ Ուրբաթ նա հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է շփումները Թեհրանի հետ։ Միաժամանակ ամերիկյան զինուժը պատրաստ է կարճ ժամկետում վերսկսել հարվածները, եթե Թրամփը փոխի որոշումը։
Նույն օրը ԱՄՆ-ը հարված է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզու զենիթահրթիռային կայանքին։ Թրամփի խոսքով՝ կայանքը հրթիռ էր արձակել ամերիկյան կործանիչի ուղղությամբ։




























