Ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, հումքի ու ապրանքների համաշխարհային շուկաներում տեղի է ունեցել գների ուժեղ անկում՝ պայմանավորված Չինաստանից ստացվող լուրերով։ Չինաստանում գնաճը գերազանցել է 4 տոկոսը եւ ենթադրվում է, որ այդ երկրի Կենտրոնական բանկը կբարձրացնի տոկոսադրույքները, ինչն էլ զսպողական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Իսկ Չինաստանը հումքի խոշորագույն սպառողներից է։
Նավթի գինը դեկտեմբերյան մատակարարումների համար նվազել է 3,4 տոկոսով եւ Նյու Յորքի բորսայում կազմել 84,88 դոլար` 1 բարելի համար։ Սակայն ամենառեկորդայինը եղել է շաքարավազի գնի անկումը։ Լոնդոնում սպիտակ շաքարի պայմանագրերը նվազել են 12 տոկոսով՝ հասնելով 1 տոննայի դիմաց 677 դոլարի։ Նվազել են նաեւ շաքարի հումքի գները։
Անկում են ապրել նաեւ մետաղների եւ գյուղապրանքների գները։ Այսպես՝ բամբակն էժանացել է 4 տոկոսով։ Ոսկու գինն իջել է մինչեւ 1365 դոլար՝ ունցիայի համար։
Նշենք, որ նախորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, պղնձի գինը Լոնդոնի մետաղների բորսայում հասել էր ռեկորդային բարձր մակարդակի՝ 8966 դոլար` 1 տոննայի դիմաց: Նոյեմբերի 12-ին պղինձն էժանացել է մոտ 3,4 տոկոսով եւ գնահատվել մոտ 8670 դոլար։
Նշենք, որ վերջին 2-3 ամիսներին հումքի գները շարունակաբար աճում էին։




























