Չնայած առկա տարաձայնություններին՝ Գերմանիան ապավինում է Թուրքիայի հետ համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին գերմանական Die Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը։
«Թուրքական հատուկ ծառայությունները կարեւոր գործընկեր են, երբ խոսքը Սիրիայի, Իրաքի, նաեւ եվրոպական իսլամիստների տեղաշարժերի մասին է»,- նշել է Մաասենը։
«Մեր երկիրը պետք է պաշտպանի իր անվտանգությունը դրա համար մեզ պետք են նաեւ մյուս երկրների հատուկ ծառայությունները ։ Անհրաժեշտ է համագործակցել բոլոր պետությունների հետ, որոնք կարող են մեզ օգնել ահաբեկչության դեմ պայքարում»,- նկատել է գերատեսչության ղեկավարը։ «Նույնիսկ երբ քաղաքական ուղիները նեղանում են, հետախուզությունների մակարդակի վրա համագործակցությունը պետք է պահպանվի»,- հավելել է նա։
Միաժամանակ Մաասենը նշել է, որ գերմանական իշխանությունները «հստակ զգում են, որ թուրքական հետախուզությունը Գերմանիայում գործում է իր լիազորությունների խախտումով»։
Թուրքիան , շարունակել է Մաասենը, «միակ երկիրը չէ, որի հետ համագործակցությունից Գերմանիան չի կարող հրաժարվել, չնայած այն գերատեսչությանը բավականաչափ գլխացավանք է պատճառում»։ Նույնը վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին, անցյալում Գերմանիայի կարեւորագույն դաշնակիցներից մեկին։ Մաասենը քննադատել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով , որ նրա միգրացիոն քաղաքականությունը «իրավիճակի չափազանցված պատկեր» է ներկայացնում։




























