Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորը ափսոսանք է հայտնել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալո մասին պաշտոնական դիմումի ներկայացման կապակցությամբ, շեշտելով սակայն, որ «ԵՄ-ն մնում է հաջողության պատմություն», հայտնում է DW-ը։
«Գերմանիան ու ԵՄ մյուս երկրները չէին ուզում, որ այս օրը գար։ ԵՄ պատմության մեջ առաջին անգամ նրա անդամ պետություններից մեկը հայտնում է հեռանալու մասին։ Մենք կորցնում ենք ԵՄ-ում մեր ուժեղ ու կարեւոր գործընկերոջը։ Այս օրը սակայն միաժամանակ նաեւ առաջխաղացման օր է, քանի որ հիմա ԵՄ-ն ավելի հստակ գիտի, թե ինչպես է Մեծ Բրիտանիան պատկերացնում այդ բաժանումը»,- հայտնել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցի ընթացքում շահագրգռվածություն է հայտնել ԵՄ-ի ու Բրիտանիայի միջեւ սերտ գործընկերություն պահպանելու հարցում։ Մերկելը նշել է, որ հիմա ԵՄ մյուս 27 անդամ երկրները ու ԵՄ կառույցները պետք է ձեւակերպեն իրենց սեփական շահերն ու նպատակները։ Խոսելով Գերմանիայի նպատակների մասին՝ կանցլերը նշել է Բրիտանիայում ապրող գերմանացիների համար բացասական հետեւանքները նվազագույնին հասցնելը։
«Սերտ կապերը , որոնք եղել են Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության 44 տարիների ընթացքում, պետք է հիմա նորից հյուսվեն։ Ապագա հարաբերությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ հարցը լուծելուց հետո։ Չնայած Brexit–ին՝ ԵՄ-ն մնում է հաջողության պատմություն»,- ամփոփել է Անգելա Մերկելը։




























