Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ներկայացրել է 2016-ին իր եկամուտների մասին հայտարարագիրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի քարտուղարուհի Նատալյա Տիմակովան։

«Օրենսդրության համաձայն՝ կառավարության բոլոր անդամները ներկայացրե լ են եկամուտների մասին հայտարարագրեր։ Ավանդաբար մեկ ամսվա ընթացքում ստուգումից հետո դրանք հրապարակվում են կառավարության կայքում»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կրեմլի պաշտոնյաները անցած տարվա եկամուտների մասին հայտարարագրեր կներկայացնեն սահմանված ժամկետում՝ մինչեւ ապրիլի 1-ը։ Մեկ տարի առաջ Մեդվեդեւի եկամուտը՝ 2015-ի արդյունքներով կազմում էր 8․76 մլն ռուբլի, ինչը 716․3 հազարով շատ էր 2014 թվականի եկամուտներից։

Նշենք, որ հիմա Մեդվեդեւի եկամուտների նկատմամբ հասարակության ուշադրությունն ավելի բարձր է լինելու, ինչը կապակցված է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ղեկավարած հակակոռուպցիոն հիմնադրամի հրապարակած հետաքննության հետ։ Ըստ հիմնադրամի տվյալների, վարչապետը հսկայական կարողություն է ձեռք բերել օլիգարխների «նվիրատվությունների» ու ոչ կոմերցիոն հիմնադրամների օգնությամբ պետական բանկերի վարկերի հաշվին։

Հիշեցնենք նաեւ , որ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները 2015-ին կազմել են 8․9 մլն ռուբլի, իսկ 2014-ին՝ 7․65 մլն ռուբլի։