Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ուիլյամ Լահյուն դաշինքին Վրաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանի հետ պատերազմի հնարավորությունը բացառել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատճառով: Նա այս մասին հայտարարել է «Կոմերսանտ Վլաստ» ամսագրի հետ հարցազրույցում:

Լահյուի խոսքով՝ Վրաստանում ռուսական զինուժի ներկայությունը չի կասեցնի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը: Ըստ որում՝ դաշինքը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն մտադիր չէ Ռուսաստանի հետ հակամարտության գնալ:

«Երբ Վրաստանը ՆԱՏՕ մտնելու հրավեր ստանա, ստիպված կլինի ինքնուրույն լուծել այդ տարածքների կարգավիճակի հարցը: Որովհետեւ ոչ մեկն այս տարածքներում 5-րդ պարագրաֆը չի օգտագործի»,- հստակեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Լահյուն ընդգծել է, որ դաշինքը «հաստատապես» Աբխազիայում Ռուսաստանի հետ չի պատերազմի: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի խնդիրը խաղաղ հարաբերությունների պաշտպանությունն է:

ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը վերաբերում է հավաքական պաշտպանության սկզբունքին: Ըստ դրա՝ դաշինքի անդամներից մեկի վրա երրորդ երկրի հարձակումը դիտվում է որպես հարձակում կազմակերպության վրա եւ ագրեսիայի զոհին դաշնակիցների պաշտպանություն է երաշխավորում:

Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հարավային Օսիայի հետ համաձայնագիր ստորագրել նրա զինված ուժերի որոշ ստորաբաժանումները ՌԴ ԶՈւ-ի կազմի մեջ մտնելու մասին:

2016 թվականի նոյեմբերին Պուտինն օրենք է ստորագրել Աբխազիայի հետ զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին պայմանագիրը վավերացնելու մասին: