Վենեսուելայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել իր որոշումը Ազգային վեհաժողովին, որտեղ մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, օրենսդրական լիազորություններից զրկելու մասին:
Ավելի վաղ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ փոխնախագահ Թարեք Էլ-Այսամին դատարանին կոչ էին արել վերանայել Ազգային վեհաժողովին օրենսդրական լիազորություններից զրկելու մասին իր որոշումը:
Ուրբաթ դատարանի որոշումը դատապարտել է նաեւ Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան: Նա Գերագույն դատարանի որոշումն անվանել է սահմանադրական կարգը խափանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չորեքշաբթի ընդունված Գերագույն դատարանի որոշումը, փաստորեն, Ազգային վեհաժողովի լուծարում էր նշանակում: Այս որոշման համաձայն՝ օրենսդրական լիազորությունները փոխանցվում էին Գերագույն դատարանին, որը դատավորներին, ըստ էության, թույլ կտար ինքնուրույն օրենքներ ընդունել:
Որոշումը հիմնավորելիս դատավորները հայտարարել էին, որ խորհրդարանի պատգամավորները «իրենց հանդեպ հարգանքից զրկվել են» 2015 թվականի ընտրություններում խախտումներ կատարելու համար ընդդիմության երեք պատգամավորներին մեղադրելուց հետո:
Դատարանը չէր հստակեցրել, թե երբ եւ ինչ պայմաններում խորհրդարանին կվերադարձնի օրենսդրական իշխանությունը:
Հինգշաբթի, երբ Գերագույն դատարանը ստանձնել էր միապալատ խորհրդարանի օրենսդրական լիազորությունները, Վենեսուելայում բողոքի ցույցեր էին ծավալվել: Կարակասի որոշ շրջաններում բախումներ էին գրանցվել ուսանողների եւ ոստիկանների միջեւ:
Ազգային վեհաժողովի խոսնակ Խուլիո Բորխեսը լրատվամիջոցներում բանակին կոչ էր արել հանդես գալ նախագահի դեմ: Կառավարության ընդդիմախոսները նախազգուշացրել էին, որ իրադարձությունների նման զարգացումը՝ խորհրդարանին լիազորություններից զրկելը, երկիրը կմոտեցնի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ավտորիտար իշխանությանը:


























