Բունդեսվերը նախազգուշացնում է գերատեսչության համակարգչային համակարգի ու ենթակառուցվածքի վրա կազմակերպվող հաքերական հարձակումների հնարավոր լայնածավալ հետեւանքների մասին։ Այս մասին հայտնել է կիբերզորքերի ղեկավար, գեներալ լեյտենանտ Լյուդվիգ Լյանխոսը Bild–ին տված հարցազրույցում։
«Մեր համակարգերը մասամբ դարձել են լրտեսության թիրախ, ու հաքերները կարողացել են մուտք գործել որոշ տվյալներ»,- նշ՛ել է Լյանխոսը։ Նրա խոսքով հաքերները անընդհատ փորձում են արգելափակել ամբողջ համակարգի աշխատանքը ու քանդել դրա ենթակառուցվածքը։
ՊՆ տվյալներով միայն 2017-ի առաջին ինը շաբաթների ընթացքում իրականացվել է մոտ 284 հազար հաքերական հարձակում բունդեսվերի ցանցի վրա։ Առայժմ դրանք զգալի վնաս չեն հասցրել։ Սակայն Լյանխոսի խոսքով, եթե հաքերներին օրինակ հաջողվի ներթափանցել ռեակտիվ օդանավի համակարգչի մեջ, ապա դա կարող է սպառնալիք ստեղծել մարդկանց կյանքի համար։ «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչին ՝ հաքերական հարձակումներից սկսած մինչեւ պետությունների հարձակում»,- ասել է նա։
Գերմանական կիբերզորքերի հրամանատարական կենտրոնը, որը Բոննում է գտնվում, սկսել է իր աշխատանքը ապրիլի 1-ին։ Մինչ այդ կիբերպաշտպանության համար ՆԳՆ-ն էր պատասխանատու։


























