Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ռեգիոնների ղեկավարներին խորհուրդ է տվել ապրիլի 8-ին ահաբեկչության դեմ հանրահավաքներ կազմակերպել, հայտնում է «Կոմերսանտը»

«Նահանգապետները արդեն զանգահարում են ու հանձնարարում այստեղ բերել ամբողջ ժողովրդին»,- մեջբերում է թերթը նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով հանրահավաքները ծրագրվում են հատկապես այն վայրերում, որտեղ մարտի 26-ին բողոքի ցույցեր են անցկացվել։

Այս տեղեկությունը հաստատել են նաեւ մի քանի ռեգիոնների ղեկավարությունում, նաեւ «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունում պարբերականի աղբյուրները։ Թերթի տեղեկություններով հանրահավաքներին պետք է մասնակցեն բոլոր խորհրդարանական կուսակցությունները։

«Իշխանություններին հաճախ են մեղադրում ժողովրդի ցավը չկիսելու համար, նպատակներից մեկն էլ ապացուցելն է, որ դա իրականում այդպես չէ»,- ասել է ռեգիոններից մեկի աշխատակազմում պարբերականի աղբյուրը։

Ապրիլի 8-ին Մոսկվայում ծրագրված է Ռուսաստանի Կոմկուսի հանրահավաքը «Ռուսաստանի քաղաքացիների սոցիալական դրության վատացման մասին»։ Բացի դրանից ակցիա է ծրագրել նաեւ «Նոր ընդդիմություն» կոչվող միավորումը։

Մարտի 26-ին Ռուսաստանի մոտ հարյուր քաղաքներում անցել են բողոքի ակցիաներ կոռուպցիայի դեմ, դրանց համար առիթ էր դարձել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը, որը բացահայտել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կապակցված հսկայական ակտիվներ։ Ակցիայի մասնակիցներից շատերը ձերբակալվել են։