Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն արգելափակված է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում, պահման պայմաններից չի դժգոհում, հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

«Ալեքսանդր Լապշինը, որը նաեւ Իսրայելի անձնագիր ունի, պահման պայմաններից չի դժգոհում»,- haqqin.az-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Դան Ստավը:

Նրա խոսքով՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը պարբերաբար հանդիպում է բլոգերին եւ հետաքրքրվում քննության ընթացքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: