Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գառնիկ Պետրոսյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր երկարամյա աշխատանքի ընթացքում նման ծանր վիճակի ականտես չի եղել, ինչպես հիմա առկա է գյուղատնտեսությունում։

Ի տարբերություն ներկայիս պաշտոնյաների, որոնք ստեղծված իրավիճակի ողջ մեղքը բարդում են եղանակային պայմանների վրա, Գ. Պետրոսյանն ասաց, որ պատճառը ճգնաժամն է եւ տարվող քաղաքականությունը։ «Եթե գյուղացին որոշակի շրջանառաու միջոցներ ձեռք չի  բերում, չի կատարում խնամքի, մշակության, ցրտահերկի աշխատանքները, ապա, բնականաբար, հաջորդ տարի խդիրներ է ունենում։ Սա է պատճառը, որ այսօր գյուղատնտեսությունը հայտնվել  է այսպիսի վիճակում»,- հայտարարեց նախկին պաշտոնյան։

Որպես հավաստում իր խոսքերի՝ Գ. Պետրոսյանը մատնացույց արեց կրճատված ցանքատարածությունները, որը եղանակայինն պայմանների հետ առնչություն չունի, քանզի գյուղացին չի կարող նախապես իմանալ, թե եղանակային պայմաններն ինչպիսին կլինեն։ «Կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, այլապես աղետի ենք ենթարկվելու։ Երբ աղետը լինում է, նոր են դրան անդրադառնում, նոր են հիշում։  Գյուղատնտեսությունն անտարբերության է մատնված։ Երեւանից դուրս գյուղը անտեսված է»,- հայտարարեց Գ. Պետրոսյանը։