«Ֆրանս փրես» գործակալությունը հոդված է պատրաստել աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի մասին, որը կառուցվում է հայկական փոքրիկ գյուղում։
Հոդվածում ասվում է, որ եզդիների ամենամեծ համայնքը Իրաքում է, որտեղ նրանք մշտապես ենթարկվում են «Իսլամական պետության«» հարձակումներին։
Գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում մոտ 35 հազար եզդի է ապրում, ու նրանք երկրում ընդամենը մեկ փոքրիկ տաճար ունեն։
Նոր տաճարը՝ Quba Mere Diwane-ն, կառուցվում է Ակնալիճ գյուղում, Երեւանից 35 կմ հեռավորության վրա, Մոսկվայում բնակվող մեծահարուստ եզդի գործարար Միրզա Սլոյանի ֆինանսավորմամբ։
Նոր, 25 մետր բարձրությամբ տաճարը կառուցվում է գրանիտից ու մարմարից։
Եզդիների խոշորագույն համայնքը ինտեգրված է հայկական հասարակությանը, ունի դավանանքի ազատություն ու եզդիերեն թերթեր ու դասագրքեր է հրատարակում։ Վախենալով ասիմիլացումից՝ եզդիները խոչընդոտում են համայնքից դուրս ամուսնություններին։
«Մենք պետություն չունենք ու լինելով խոցելի փոքրամասնություն, մենք անխուսափելիորեն կասիմիլացվենք, եթե չպաշտպանենք մեր ավանդույթները»,- նշում է Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանը։
Նա հույս է հայտնում, որ նոր տաճարը, որն ամենայն հավանականությամբ կբացվի այս տարի, «կդառնա հոգեւոր կյանքի խոշորագույն կենտրոն ամբողջ աշխարհի եզդի ուխտագնացների համար»։




























