Սիրիայի ԱԳՆ-ում պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ ապրիլի 7-ի լուսաբացին ԱՄՆ-ն իրականացրել է ցուցադրական կոպտագույն ագրեսիայի ակտ՝ Սիրիայի ավիաբազայի դեմ։ Ագրեսիան իրականացվել է Սիրիայի Իդլիբ նահանգում օրերս քիմիական զենք կիրառելու համար իբրեւ վրեժխնդիր լինելու պատրվակով։ Այդ կեղծ պատրվակը քարոզում էին ահաբեկչական խմբավորումները, նրանց հրահանգիչները Վաշինգտոնում, Թել Ավիվում, Էր Ռիյադում, Անկարայում, Լոնդոնում, Փարիզում ու Դոհայում, ու նույնիսկ նրանց ենթարկվող լրատվամիջոցները, փոխանցում է ՍԱՆԱ սիրիական գործակալությունը։
Սիրիայում քիմիական զենք չկա։ Բանակը երբեք նման զենք չի կիրառել ահաբեկչական խմբավորումների դեմ իր գործողություններում։ Բացի դրանից ՍԱՀ-ն դատապարտել է ցանկացած քիմիական նյութերի գործածում ցանկացած վայրում, ցանկացած հանգամանքներում ու ցանկացածի կողմից։
Վաղուց հայտնի է, որ որոշ տարածաշրջանային ու միջազգային վարչակարգերի թողտվությամբ ու պաշտպանությամբ Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումները պահում են թունավոր նյութեր։ Իսկ Սիրիան կատարել է իր բոլոր պարտավորությունները Քիմիական զենքի արգելքի մասին հուշագրի շրջանակներում։
Խան Շեյհունում տեղի ունեցածը ամբողջովին կեղծված է ՝ արդարացնելու համար ԱՄՆ հարվածները Սիրիական բանակի վրա, որը հերոսական պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք հովանավորվում ու զինվում են վերոնշյալ վարչակազմերի կողմից։
ԱՄՆ-ն, որը իբրեւ ղեկավարում է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիան, իր գործողություններով արդեն հարյուրավոր խաղաղ բնակիչների կյանք է խլել։ Այդ փաստն ընդունում է նաեւ ԱՄՆ բանակի ղեկավարությունը։
Սիրիան ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում պատասխանատվություն ստանձնել, անցկացնել արտակարգ նիստ ու հետաքննել ամերիկյան ագրեսիայի վտանգավոր հետեւանքները, դատապարտել այն ու գտնել արդյունավետ միջոց ՝ նմանատիպ գործողությունների կրկնությունը կանխելու համար, քանի որ դրանք սպառնում են տարածաշրջանի ու ընդհանուր աշխարհի անվտանգությանն ու կայունությանը։




























