Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածներից մեկը՝ Գոռ Իսրայելյանը՝ Չարբախցի Գեղամի որդին, ապրիլի 6-ին ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Գիվի Հովհաննիսյանից:

Նա նշեց, որ իր պաշտպանյալին անհիմն են ձերբակալել եւ հենց այդ հիմքով էլ ձերբակալման որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքնությունը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: