Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները շարունակել են Սիրիայում տիրող իրադրության շուրջ քննարկումները: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովը Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է մտացածին պատրվակով Սիրիայի դեմ Վաշինգտոնի ագրեսիայի անընդունելիությունը:
Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան հաստատակամ է Խան Շեյհունի միջադեպի միջազգային անկողմնակալ հետաքննության հասնելու գործում: Չավուշօղլուն համաձայնել է նման հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության հարցում:
Նախարարներն ընդգծել են, որ սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ուղիով: Այդ կապակցությամբ նշվել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման եւ միջսիրիական բանակցությունների ակտիվացման նպատակով, այյդ թվում՝ Աստանայի եւ Ժնեւի հարթակներում:




























