Դատավոր Անտոնին Սկալիայի մահվանից 14 ամիս հետո ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կրկին նիստեր կվարի 9 մարդուց կազմված ամբողջական կազմով. ապրիլի 10-ին երդվել է Նիլ Գորսաչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ օրենքի՝ Գերագույն դատարանի նոր դատավորը պետք է երկու ամգամ երդվի 2 տարբեր արարողություններում:

Առաջին, փակ արարողությունը Գերագույն դատարանում անցկացրել է դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը: Ավելի ուշ երդման արարողությունն անցկացվել է Սպիտակ տան Վարդագույն այգում՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայք Փենսի մասնակցությամբ:

Թրամփը Գորսաչի թեկնածություն առաջադել էր հունվարի վերջին, որին անցյալ շաբաթ սուր բանավեճերի արդյունքում աջակցել է Սենատը: Գորսաչի նշանակման օգտին քվեարկել է 54 սենատոր, դեմ՝ 45 օրենսդիրներ: