«Հայ Յեղափոխական Դաշն¬ակցությունը» և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ունենք մեկ տարվա համագործակցության փորձ եւ լավ առիթ է ամփոփելու, թե որնքան ենք կարողացել այս համագործակցությունն արդյունավետ օգտագործել ի պահ պետության: Այստեղ էլ շտկումների անհրաժեշտություն կա, ներսում հարաբերությունները ստեղծված նոր իրավիճակին համապատասխանեցնելու խնդիր կա: Խորհրդարանական համակարգը նաև պահանջում է ներիշխանական հարաբերությունների համապատասխանեցում այդ նոր համակարգին»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Հարցին՝ հնարավոր է համագործակցություն եւ կոալիցիա մի ուժի հետ, որն այնպիսի ընտրություններ անցկացրեց, որի որակից անգամ ՀՅԴ-ն էր դժգոհ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք չենք կարող գործել մեր միջավայրից դուրս, Հայաստաում պետք է գործենք, ոչ թե Հայաստանից դուրս: Եվ ուրեմն այնպիսի գործիքներ պետք է ունենանք, որը հնարավորություն է տալու մեր առջև դրված խնդիրները լուծել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը ընդգծել է, որ իրենք ՀՀԿ-ի հետ համագործակցությունից գոհ են եղել, բայց դա չի խանգարել ընտրությունների մասին իրենց գնահատականը տալ և պահանջել, որ Փարպիում չեղյալ համարվեն ընտրությունների արդյունքները:




























