Ինդոնեզիայի կառավարությունը մտադիր է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել մեկ այլ վայր։ Այդ մասին խոսակցությունները արդեն վաղուց կան, բայց որոշակի գործողություններ միայն հիմա են սկսել ձեռնարկել։ Իշխանությունների ծրագրերի մասին պատմել է Ազգային զարգացման ծրագրման հարցերով խորհրդի նախագահ Բամբանգ Բրոջոնեգորոն, հայտնում է Newsru –ն, վկայակոչելով Antara լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով հիմա իշխանությունները դիտարկում են մի քանի քաղաքներ, որտեղ կարելի է տեղափոխել մայրաքաղաքը։ Դրանցից մեկն էլ Պալանկարաայան է, որը գտնվում է Կենտրոնական Կալիմանտան նահանգում՝ Կալիմանտան կղզու վրա։ Չինովնիկը չի հայտնել մյուս տարբերակները, սակայն ասել է, որ բոլոր պոտենցիալ «նոր տարբերակները» գտնվում են Յավա կղզու սահմաններից դուրս։ Վերջնական որոշումը կկայացվի մինչեւ տարեվերջ։

Ինդոնեզիայի մայրաքաղաքը տեղափոխելու գաղափարը արդեն վաղուց է քննարկվում։ Antara-ի փոխանցմամբ, համապատասխան առաջարկով էր հանդես եկել դեռ նախկին նախագահ Սուկարնոն, որը կառավարում էր 1945-1967թթ։

Մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության պատճառներից մեկը Ջակարտային աղետալի գերբնակեցվածությունն է։ Մարդկանց ու տրանսպորտի մեծ կուտակումների պատճառով քաղաքում անընդհատ խցանումներ են։

Յավա կղզու տարածքը, որտեղ գտնվում է ներկա մայրաքաղաքը, կազմում է Ինդոնեզիայի տարածքի ընդամենը 7 տոկոսը։ Ընդ որում մայրաքաղաքում է ապրում երկրի 245 միլիոնանոց բնակչության մոտ 60 տոկոսը։

Մեկ այլ պատճառ է Ջակարտայի աշխարհագրական դիրքը։ Քաղաքը ափամերձ տարածքում է գտնվում ու անձրեւների սեզոնին շատ է տուժում ջրհեղեղներից։ Բացի դրանից քաղաքի բնակիչներին սպառնում են երկրաշարժներ, քանի որ Յավա կղզին գտնվում է այսպես կոչված Հրե օղակում, որը սեյսմիկ տեսակետից մոլորակի ամենաակտիվ գոտին է։