ԵՄ երկրները ու ՆԱՏՕ-ն ստորագրել են համաձայնագիր՝ Հելսինկիում կիբերհարձակումների, քարոզչության ու ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու մասին, հայտնում է Reuters–ը։
Փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լատվիան ու Լիտվան։ Մինչեւ հուլիս ակնկալվում է, որ փաստաթղթին կմիանան մեծ քանակությամբ երկրներ։
Կենտրոնը տեղակայված է լինելու Հելսինկիում ու ձեւավորելու է փորձագետների ցանց մասնակից երկրների համար։ Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ այնտեղ կաշխատի 10 հոգուց բաղկացած թիմ։ «Կենտրոնը իրական խթան է դառնալու ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համագործակցության համար․․․ Հիբրիդային գործունեությունը դարձել է եվրոպական անվտանգության անբաժան մասը»,- ասել է մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոինին։
Նրա խոսքով, նոր կենտրոնի նպատակն է լինելու բարձրացնել իրազեկումը հիբրիդային սպառնալիքների ու հասարակությունների խոցելիությունների մասին, որոնք կարող են օգտագործվել հիբրիդային գործողություններում։




























