Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված է լինելու նաեւ ԱԺ հանձնաժողովները խորհրդարանական խմբակցությունների միջեւ բաշխելու հարցը։ Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ խորհրդարանի 10 հանձնաժողովներից 6-ը ՀՀԿ-ին է տրվելու, երեքը՝ ԲՀԿ-ին, մեկը` «Ելք»-ին, իսկ 7 մանդատ ստացած ՀՅԴ-ն հանձնաժողովի նախագահ չի ունենա: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Դոնթի բանաձեւի համաձայն՝ առաջինը ՀՀԿ-ն է որոշելու, թե որ հանձնաժողովներն է ղեկավարելու։
«Դոնթի բանաձեւի համաձայն՝ հանձնաժողով ընտրելու իրավունքը սկզբում պատկանում է Հանրապետական կուսակցությանը։ Այսինքն՝ Հանրապետականն է որոշում, թե որ հանձնաժողովը պետք է վերցնի, հաջորդը ԲՀԿ-ն է ընտրելու։ Ազգային ժողովի դահլիճում առաջին նիստի ժամանակ որոշվում է հանձնաժողովների թիվը, անվանումները, գործառույթները, ընտրվում են հանձնաժողովի նախագահները»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը։
Նա նաեւ նշեց, որ առաջին նիստի օրակարգն ամբողջությամբ վերաբերելու է Աժ մարմինների ձեւավորմանը։




























