Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ–ն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում թեկնածու կառաջադրի։ նա NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց, թե հարցը դեռ կուսակցությունը չի քննարկել։

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի կողմից ընտրվել է պատգամավոր, նա  հրաժարական է տալու քաղաքապետի պաշտոնից եւ տեղափոխվելու է օրենսդիր մարմին։

Ըստ Արարատում տարածված տեղեկությունների՝  ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում հանձնել Արտաշատը Հանրապետական կուսակցությանը եւ ամեն ինչ անում է, որ որդուց հետո յուրային ընտրվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնում։ Այս ցանկությունն իրականացնելու համար Հովիկ Աբրահամյանը աշխատում է իր զարմիկին՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին քաղաքապետ դարձնելու ուղղությամբ եւ նրա թեկնածությունն էլ առաջադրելու է։

Նշենք, որ Գագիկ Պողոսյանը «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավոր դարձած Կարինե Պողոսյանի եղբայրն է, իսկ Կարինե Պողոսյանը պատգամավորական կարիերան դարձյալ «կերտել է» Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ։ Չնայած Հովիկ Աբրահամյանի նպատակներին՝ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ–ն չի հրաժարվի Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց եւ կառաջադրի իր թեկնածուին. «Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունը կմասնակցի ընտրություններին՝ թեեւ այս պահին դեռեւս որեւէ քննարկում չի եղել»։

Հարցին՝ ՀՀԿ–ն մտավախություն չունի՞, որ կպարտվի Հովիկ Աբրահամյանին, որն, ամեն դեպքում, ազդեցություն ունի Արտաշատի տարածքում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Նման մտավախության խնդիր չկա, այդ առումով չի էլ քննարկվել, ես էլ նման մտավախություն չունեմ, բայց օրը կգա, ամեն ինչ կերեւա։ Կուսակցությունն ինչպես որոշում կայացնի՝ այդպես էլ կվարվենք»։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններում իր օգտին քվեների քիչ քանակը պայմանավորում էր նաեւ Արարատի մարզում «քյոխվա» համայնքապետերի հանգամանքով, որոնք արգելում էին իրենց համայնքների բնակիչներին  մասնակցել Սարգսյանի քարոզարշավին։ Այս կապակցությամբ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ  պետք է «տեղական թագավորիկների» դեմն առնել, եթե նրանք չլինեն Արարատի մարզում, ժողովուրդը հանգիստ կապրի։ Թեեւ Ալիկ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի անունը չէր նշել, սակայն նրանց վաղեմի թշնամության հանգամանքը ենթադրությունների տեղիք տվեց, թե հենց Հովիկ Աբրահամյանին ու նրան ենթարկվող գյուղապետերին էլ նկատի ունի Սարգսյանը։

Մեր հարցին՝ արդյոք Արտաշատի քաղաքապետի ընտրությունները լավ առիթ չեն իր բնութագրած տեղական թագավորիկների, քյոխվաների դեմ իր խոստացած պայքարը սկսելու առումով, Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Հանրապետականը անպայման թեկնածու պիտի ներկայացնի, սա իմ կարծիքն է։ Չեմ կարծում, որ կթողնեն ու կասեն՝ ով կուզի, թող դնի անցնի, կուսակցությունը ո՞նց կարող է թեկնածու չունենալ, բայց թե ով է առաջադրվելու, ես որեւէ տեղեկություն չունեմ, ավելին չեմ կարող ասել»։ 

Դեռեւս ոչինչ չի կարող ասել նաեւ Հովիկ Աբրահամյանի զարմիկ  Գագիկ Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջադրվելու հետ կապված հարցը դեռ հստակեցված չէ։