Իրաքի Մոսուլ քաղաքում վտանգված է ավելի քան 220 000 երեխայի կյանք, այս մասին հայտնել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ից։
Մոսուլի արեւմտյան մասում շարունակվում է ԻՊ-ից քաղաքն ազատագրելու ռազմական գործողությունը։ Հին քաղաքի թաղամասերում, որտեղ հիմա մարտեր են ընթանում, բազմաթիվ ընտանիքներ են մնում՝ երեխաներով։
Էրբիլում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակից Բաստյեն Վինյեի խոսքով իրեն հաջողվել է կապվել ընտանիքներից մեկ ի հետ, որը ստիպված է թաքնվել իր տան նկուղում։ Վերեւի հարկերում ԻՊ զինյալներն են, որոնք չեն կասկածում նկուղում՝ իրենց հարեւանությամբ թաքնվող ընտանիքի մասին։ Ընտանիքի անդամները վախենում են, որ զինյալները կհայտնաբերեն իրենց ու ուժով կտանեն իրենց հետ ։ Նրանք ստիպված են եղել երկու շաբաթ մնալ նկուղում, ունենալով ընդամենը մի քանի արմավ ու ջուր։ Նրանք շատ են վախենում, որ իրենց մեկ տարեկան երեխան կլացի ու կմատնի իրենց տեղը»,- ասել է նա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Մոսուլի ԻՊ-ից ազատագրելու գործողության սկսվելուց հետո քաղաքից փախել է մոտ մեկ քառորդ միլիոն երեխա։ Նրանցից 151 հազարը լքել է Արեւմտյան Մոսուլը վերջին վեց շաբաթներին։




























