Մարատ Ուելդանով- Գալուստյանի գործով դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 13-ին։ Նիստի ժամանակ ծրագրվում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ներկայությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակի վատացման մասին դեսպանատան ստացած տեղեկության կապակցությամբ մարտի 28-ին ուղարկվել է նոտա Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ շտապ բուժհետազոտություն անցկացնելու խնդրանքով։ Նրա առողջությունը հետազոտելու անհրաժեշտության մասին համապատասխան ազդանշաններ են փոխանցվել Ադրբեջանի նախագահին ու Պետական անվտանգության ծառայությանը։ Դեսպանատունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի քաղաքացու փաստաբանի ու ազգականների հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուելդանով-Գալուստյանը ավստրիական Do&Co ընկերության աշխատակիցն է, որը զբաղվում է ուղեւորության ընթացքում սնունդի կազմակերպմամբ, եւ Բաքվում գործուղման մեջ է եղել: 2016 թվականի հունիսի 6-ին ավստրիական Do&co ընկերությունը նրան գործուղել է Բաքու Formula-1-ի ավտոմրցարշավին, որտեղ ժամանելուն պես նա կապ չի հաստատել: Նա մեղադրվում է խոշոր չափերով թմրանյութերի կամ պրեկուրսորների ապօրինի պատրաստման, արտադրման, ձեռքբերման, պահման, տեղափոխման, փոխանցման կամ վաճառման մեջ:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել է այս երկրի յուրահատկությանն ըմբռնումով մոտենալ, որտեղ «հայկական ծագումը չափազանց դժվարացնում է նրա պաշտպանությունը»:
Նշենք, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքն օգտագործվում է քաղաքական բանտարկյալների եւ ռեժիմի համար անցանկալի անձանց նկատմամբ:




























