Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայում փոխգործակցելու մասին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես ենք աշխատելու Սիրիայում»,- ասել է Թիլերսոնը։ «Ես ու նախարար Լավրովը պայմանավորվել ենք, որ խորհրդակցություններ ենք անցկացնելու գործընկերների ու դաշնակիցների հետ ու շարունակելու ենք քննարկել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը»,- ասել է Թիլերսոնը լրագրողների համար ճեպազրույցում։ Նա հավելել է, ո ր ստեղծվել է աշխատախումբ, որը զբաղվելու է «անհապաղ լուծում» պահանջող հարցերով։

Թիլերսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են «ամենացածր մակարդակի վրա» ու երկու միջուկային տերությունների փոխգործակցությունը «չի կարող գտնվել նման վիճակում»։

Նաեւ կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Թե ռուսական, թե ամերիկյան կողմը համաձայնել են, որ Հյուսիսային Կորեան չպետք է ունենա միջուկային զենք, ու որ այդ խնդրի լուծումը դիվանագիտական ջանքեր է պահանջում, հավելել է Թիլերսոնը։