Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին կարեւոր է դադարեցնել ցեղասպանությունների ժխտումը։
Ելույթ ունենալով Կանադայի խորհրդարանում՝ պատգամավորը հայտնել է, որ բոլոր ազգերն ու ժողովուրդները պետք է ցեղասպանությունը ճանաչեն որպես պատմական, այլ ոչ թե քաղաքական հարց։ «Զոհերի հիշատակը այսօր պղծվում է այդ իրադարձությունները ժխտողների տգիտությամբ։ Խորհրդածելով Օսմանյան կայրսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, Ուկրաինայում, Ռուանդայում, Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանությունների, նաեւ եզդիների ցեղասպանության ու Հոլոքոսթի մասին՝ մենք պետք է հանուն մարդկության պարտավորություն ստանձնենք, երաշխավորելով, որ ցեղասպանություններ այլեւս չեն կրկնվի»,- ասել է նա։
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ այս կարեւոր հարցի շուրջ անփոփոխ աջակցության ու սկզբունքային դիրքորոշման համար։




























