Հյուսիսային Կորեան տեղյակ է, որ ԱՄՆ-ն մտադիր է կանխարգելիչ հարված հասցնել երկրի միջուկային օբյեկտներին ու պատրաստ է պատասխան հարված հասցնել սադրանքի դեպքում, հայտնել է Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան լիազոր նախարար Զին Զեն Խեվը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Այսօր Կորեական թերակղզում իրադրությունը անվերահսկելի է դարձել, քանի որ ԱՄՆ-ն ու հարավկորեական խամաճիկները ծավալել են գործողություններ, որոնց նպատակն է վերացնել մեր թերակղզին, գահընկեց անել մեր առաջնորդին ու կանխագելիչ հարված հասցնել մեր երկրի միջուկային ու հրթիռային օբյեկտներին»,- ասել է նա Արեւի օրվա՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրվա կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։ «Մեր բանակն ու մեր ժողովուրդը ուշադիր հետեւում են թշնամական ուժերի գործողություններին ու եթե նրանց կողմից նկատվի թեկուզ փոքր սադրանք, պատրաստ են պատասխան հարված հասցնել ու ճնշել սադրանքը»,- ասել է նա։

Ընդ որում հյուսիսկորեացի դիվանագետը նշել է, որ Փհենյանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Արեւի օրը նշվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրը, այս տարի նա կդառնար 105 տարեկան։ Կիմ Իր Սենը մահացել է 1994-ին 82 տարեկանում։