Դամասկոսը պատրաստ է ապահովել փորձագետների անվտանգ մուտքը Շայրաթ բազա, Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Սիրիայում հետաքննություն սկսելու համար, հայտնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը՝ կազմակերպության գործադիր խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անկեղծ ասած՝ մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում հետաքննության շուտափույթ մեկնարկի համար՝ հաշվի առնելով սիրիական կառավարության պատրաստակամությունը՝ ապահովել փորձագետների ազատ ու անվտանգ մուտք Շայրաթ բազա»,- ասել է նա ։

Շուլգինը հավելել է, որ Սիրիայի զինված ընդդիմության վրա ազդող երկրները պետք է օգնեն լուծել դեպի Խան- Շեյխուն անվտանգ ուղեւորության ապահովման հարցը։

Սիրիական ընդդիմությունը ապրիլի 4-ին հայտնել էր Իդլիբ նահանգի Խան- Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառումով հարձակման հետեւանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին։ Նրանց խոսքով հարձակումն իրականացրել են ՍԻրիայի կառավարական զորքերը, որոնք իրենց հերթին կտրականապես հերքել են այդ մեղադրանքները ու պատասխանատվությունը գցել զինյալների ու նրանց հովանավորների վրա։ Ռուսաստանի ՊՆ տեղեկություններով, սիրիական ՌՕՈւ-երը հարված են հասցրել Խան Շեյխունում ահաբեկիչների քիմիական զինանոցի վրա, որը Իրաք էր տեղափոխվում։

Վաշինգտոնն ու նրա կոալիցիոն գործընկերները քիմհարձակման մեջ մեղավոր են համարում Սիրիայի բանակին։ ԱՄՆ-ն, չհրապարակելով իր մեղադրանքի որեւէ ապացույց ու չլսելով մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու՝ Ռուսաստանի կոչը, ապրիլի 7-ի գիշերը հարված է հասցրել սիրիական բազայի վրա։ Պենտագոնի տվյալներով 59 հրթիռ է արձակվել Շայրաթ բազայի վրա։