Ռուսաստանը կասկածներ ունի Թուրքիայի առողջապահության նախարարության մասնագետների մեթոդաբանության ու եզրակացությունների անկողմնակալության վերաբերյալ, որոնք հայտնել էին, որ զարինի հետքեր են հայտնաբերել սիրիական Խան- Շեյխուն քաղաքից վերցված փորձանմուշներում։ Այս մասին հայտնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը կազմակերպության գործադիր խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։ Ելույթի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում։

«Մեր թուրք գործընկերը զեկուցել է իր երկրի բժիշկների եզրակացությունների մասին,- նշել է նա,- Իբրեւ դիահերձում են իրականացրել, փորձանմուշներ վերցրել, պարզել, որ մարդիկ հաստատ զոհվել են զարինից։ Իսկ ի՞նչ լաբորատորիա է դա, որտեղ թուրք մասնագետները անալիզներ են արել, այն հավաստագրվա՞ծ է մեր կազմակերպության գծով, ինչպե՞ս են վերցվել փորձանմուշները ։ Քայլերի ի՞նչ հաջորդականություն է եղել, արդյո՞ք այն համապատասխանում է մեր կազմակերպությունում հաստատված մեթոդաբանությանը»

Դիվանագետը հիշեցրել է, որ երբ ռուսական զինվորականները կազմակերպությանը ներկայացրել են նյութեր, որոնք վկայում են Սիրիայում զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու մասին, նրանցից պահանջել են մանրակրկիտ պարզաբանումներ այդ տվյալների վերաբերյալ ։ «Ու ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Երեք ամիս է անցել, իսկ կազմակերպության առաքելությունը, որը պետք է պարզեր Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերը, դեռ մտածում է, ոչ մի կերպ չի կարողանում եզրակացություններ անել ռուս զինվորականների հավաքած նյութերի մասին»,- հիշեցրել է Շուլգինը։

«Իսկ այստեղ բառացիորեն երեք օրում թուրք բժիշկները ներկայացրել են իրենց եզրակացությունները։ Ինչո՞ւ պետք է մենք նրանց վստահենք սուրբ Ավետարանի նման։ Ինչո՞ւ է լռում տեխնիկական քարտուղարությունը»։

Դիվանագետը նշել է, որ նույնիսկ տեսագրությունները, որոնք ներկայացվում են որպես իրադարձությունների վայրից կադրեր, հերքում են զարինի գործածման մասին ենթադրությունները։ «Մահացող երեխաների ահասարսուռ տեսաշարը սակայն չի ազատում անհրաժեշտությունից մտածել, թե ինչու են «սպիտակ սաղավարտավոր» կամավորները տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելիս գործում առանց պաշտպանության անհատական միջոցների։ Մինչդեռ, եթե իրոք այնտեղ զարին է կիրառվել, որը մահացու վտանգավոր եթերային թունավոր նյութ է, ապա թանզիֆի դիմակը նրանց չէր պաշտպանի»,- պարզաբանել է նա։

Շուլգինն ափսոսանք է հայտնել, որ «նման ըստ էության հում տեղեկությունը հաճույքով տարածում ու անբարեխղճորեն օգտագործում են մի շարք պատվիրակություններ»։