Ամերիկյան զինվորականները հավաստիացնում են, որ Աֆղանստանում ԻՊ- ի դեմ ամենահզոր ոչ միջուկային ռումբի կիրառումը արդարացված է եղել, հայտնում է CNN–ը։

GBU-43/B ռումբի նետմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար գեներալ Ջոն Նիքոլսոնին հարցրել են, թե որքանով էր արդարացված այդքան հզոր զենքի կիրառումը։ «Մարտավարական տեսակետից ռումբը օգտագործվել է ճիշտ պահի ճիշտ նշանակետով»,- ասել է գեներալը։

Միաժամանակ Նիքլսոնը խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե ում հրամանով է գործածվել ռումբը, ասվում է հոդվածում։ Նա նաեւ հայտնել է, որ ամերիկացի զինվորականները գործողությանը նախապատրաստվել էին աֆղանյան իշխանությունների հետ միասին, խուսափելու համար խաղաղ բնակչության շրջանում զոհերից։

ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Համդուլա Մոխիբի կարծիքով «սուպերռումբ» նետելու առիթն էր դարձել վերջին մեկ շաբաթում ահաբեկիչների ու ամերիկյան եւ աֆղանյան զորքերի միջեւ մարտերի ակտիվացումը։ Ամերիկացիները չէին կարողացել առաջ շարժվել, քանի որ տեղանքը ականապատված է եղել ԻՊ կողմից։

Ավելի վաղ ամերիկյան զինվորականները կարծում էին, որ ռմբակոծված տեղանքում 600-800 զինյալ էր գտնվում, սակայն պարզ չէ, թե ահաբեկիչների ինչ քանակություն էին նրանք մտադիր ոչնչացնել մեկ հարվածով։

Նախօրեին ամերիկացի զինվորականները առաջին անգամ մարտում կիրառել են 9․5 տոննայանոց GBU-43/B ռումբը՝ այն նետելով Աֆղանստանի Նանգարհար նահանգում ԻՊ զինյալների թունելային համակարգի վրա։ Պենտագոնի տվյալներով հարվածի հետեւանքով զոհվել է 36 ահաբեկիչ։ Ավելի ուշ լրատվամիջոցներում հայտնվել է տեդեկություն, որ ԻՊ զինյալները որեւէ կորուստ չեն կրել։